Վարդան իր երկրպագուներին խնդրել է սատարել Սևակին «Եվրատեսիլում»

Ռուսաստանաբնակ հայազգի հանրահայտ պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պարում է Սևակ Խանաղյանի` «Եվրատեսիլի» հայ մասնակցի երգի հնչյունների ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի պարուհի, pol-dance-ի աստղ Վարդան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նա պարում է Սևակ Խանաղյանի «Մի լռիր» երգի հնչյունների ներքո։

Հիշեցնենք, որ Սևակն իր «Քամի» երգով այս տարի ելութ կունենա Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթին` ներկայացնելով Հայաստանը։

«Իմ պարի բաղկացուցիչները լավ երգն ու հանդիսատեսն են… Գիտեմ, որ կհետաքրքրվեք «Մի լռիր» երգով, այն կատարում է իմ ընկեր @sevak_khanagyan-ը։ Նա այս տարի կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»։ Իսկ դա նշանակում է` երբ գա ժամանակը, ձեզ պետք է խնդրեմ սատարել նրան»,- տեսանյութը մակագրել է Վարդան։

Այս տարի լրացավ Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) 33-ամյակը։ Նա ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։

Ձողի վրա պարի 10-ամյա փորձառության ընթացքում Վարդան կարողացել է այդ ոլորտում մեծ հաջողություններ ունենալ և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելութ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։