Ռուսաստանում բախվել են միկրոավտոբուսն ու էլեկտրագնացքը, կան զոհեր

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են արտակարգ դեպքի զոհերի և տուժածների քանակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հինգ մարդ զոհվել է, չորսը վիրավորվել Ղրիմում կիրակի օրը երթուղային տաքսու և էլեկտրագնացքի բախման հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` «Սևաստոպոլ-Արմյանսկ» երթուղին իրականացնող միկրոավտոբուսը բախվել է «Կերչ-Արմյանսկ» էլեկտրական գնացքին։

Չորս մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել։ Հինգ զոհվածների մեջ նաև մանկահասակ երեխա է եղել։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքը, Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսի և էլեկտրագնացքի բախման մասին տեղեկությունն իրենց հաղորդվել է տեղական ժամանակով ժամը 11։45–ին։

Միկրոավտոբուսում 13 ուղևոր է եղել։

ԱԻՆ-ում նշել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Արմյանսկի շրջանում չկարգավորվող երկաթուղային անցման հատվածում։ Էլեկտրագնացքը ռելսերից դուրս չի եկել։