ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հզոր խթան է Երևանի և Մոսկվայի համագործակցության համար

Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում վերջին 10 տարվա ընթացքում, անկասկած, բավական կայուն և որակյալ աճ կա: Դրանում համոզված է ՌԴ արտգործնախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. 2015 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հզոր խթան դարձավ Երևանի և Մոսկվայի առևտրա-տնտեսական համագործակցության համար։ Այս մասին հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրույցի տեքստը հասանելի է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։

Հայաստանի ավտոմեքենաները Ռուսաստանում ավելի հեշտությամբ տեխնիկական անձնագիր կստանան

Նրա խոսքով` այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ են, որոնք ընդգրկում են առանց բացառության բոլոր ոլորտները՝ սկսած անվտանգության քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից և վերջացրած մշակույթով, տնտեսությամբ, տեխնոլոգիական հատվածով, մարդասիրական կապերով և կրթության ոլորտով:

«Ուզում եմ առանձնապես ընդգծել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչն, անկասկած, լրացուցիչ, հզոր խթան է մեր առևտրա-տնտեսական, ներդրումային համագործակցության համար», — ընդգծեց ՌԴ արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ միայն անցյալ տարվա ընթացքում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է և հասել 1 մլրդ 750 մլն դոլարի։

«Հարաբերություններն անկասկած զարգանում էին մեր երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի անմիջական փոխվստահելի շփման ազդեցությամբ։ Նրանք կանոնավոր կերպով տարեկան մի քանի անգամ բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացնում, զրուցում ՀՀ, ՌԴ տարածքում՝ ամենատարբեր միջազգային ֆորումների շրջանակում», — ասաց Լավրովը։

ԵԱՏՄ երկրներին չի կարելի շեղվել պատժամիջոցներով և դիվանագիտական կոլապսով. որն է ճիշտ ուղին

Խոսելով հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին՝ Լավրովն ասել է, որ այն բավականին սերտ է։

«Ակտիվ գործող առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետ մեկտեղ մենք նաև ռազմա-տեխնիկական համագործակցության հանձնաժողով ունենք։ Դրանք բավական ռիթմիկ են աշխատում և լավ արդյունք տալիս», — ընդգծեց դիվանագետը։

Ընդհանուր առմամբ Սերգեյ Լավրովի գնահատմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում բավական կայուն և որակյալ աճ է նկատվում։

ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ չի թվարկել այն ամենն, ինչ բնորոշում է վերջին 10 տարվա Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Լավրովն ասել է, որ ասվածից կարելի է եզրակացնել, թե որքան ուժեղ են այդ կապերը և որքան են դրանք համահունչ ներկա պահին երկու երկրների շահերին։