ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ այցելությունը նման է հարազատ տատիդ հարկի տակ հյուրընկալվելուն։ Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օլգա Գուշչինան, որը Մոսկվայից է Երևան ժամանել։
Օլգան այդքան էլ հաճախ չի շրջագայում, սակայն հաճույքով միշտ վերադառնում է Հայաստան։ Առաջին անգամ նա այստեղ էր եկել դստեր հետ, իսկ երկրորդ անգամ` ավստրալացի ընկերուհուն տեսնելու համար։
«Այս տարի ամեն ինչ հանպատրաստից ստացվեց։ Հայաստան երկու շաբաթով եկել էր իմ լավագույն ընկերուհին, որն Ավստրալիայում է ապրում։ Դեռ չգիտեմ, թե Ավստրալիա երբ կկարողանամ հասնել, բայց Երևան հաճույքով եկա։ Անցյալ տարի երկու շաբաթ զբոսնեցի այստեղ դստերս հետ, իսկ այս տարի ընկերուհիներիս մոտ եմ եկել երեք օրով», — պատմեց զբոսաշրջիկը։
Հայաստանով շրջագայելիս
Օլգան հասցրել է տեսնել մեր երկրի գրեթե բոլոր տեսարժան վայրերը. եղել է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնում, այցելել Խոր Վիրապ վանական համալիր և Նորավանք, տեսել հայտնի Գառնին ու Գեղարդը, ինչպես նաև մաքուր օդ շնչել գեղեցկատես Սևանա լճի ափին։ Իհարկե, այցելել է նաև լեգենդար Տաթևի վանք։
«Տաթևում հինգ ժամ անցկացրինք, ամենուր եղանք, «Տաթևեր» ճոպանուղին նստեցինք, հիանալի տեսարան էր այնտեղից բացվում։ Ավստրալիացի ընկերուհուս հետ կրկին այցելեցինք Խոր Վիրապ, Գառնի և Գեղարդ։ Սակայն դրանք այն վայրերն են, որոնք մեծ հաճույքով ես այցելում», — նշեց ռուս զբոսաշրջիկը։
Դե, իհարկե, զբոսնեցինք նաև Երևանով։ Ցանկացած զբոսաշրջիկի ուղևորության անբաժանելի մասն է երևանյան զբոսանքը։ Ինչպես նշեց Օլգան, հայկական մայրաքաղաքով նրանք լավ զբոսնել են, նույնիսկ եղել են Երևանի կոնյակի գործարանում` էքսկուրսիայի, որը հատկապես շատ է դուր եկել հյուրերին։
Ճանապարհորդուհին խոստովանում է` նա հիմնականում հավանել է 3 տարվա հնեցման հայկական կոնյակը։
Նվերներով և հույզերով մեկնեցին հայրենիք
Օլգան իր հետ Մոսկվա տարավ մի ամբողջ ճամպրուկ քաղցրավենիք ու ըմպելիք` կոնյակ, գինի, կոնֆետներ, պաստեղ, ընկույզի մուրաբա։
«Ձեզ մոտ նույնիսկ խինկալին է համեղ», — ասաց ռուս զբոսաշրջիկը։
Հայաստանում նա դժվարությունների չի հանդիպել, խոստովանում է, որ Հայաստանն այժմ իր համար ասոցացվում է Արարատ լեռան, կոնյակի, նռան, ջերմության, համեղ սննդի և գեղեցկության հետ։
«Հրաշալի բնություն է։ Եվ Արարատը։ Ինձ այն պարզապես գերում է։ Քաղաքով քայլում ես, տեսնում այն և սիրահարվում», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
ԱՊՀ այլ երկրների հետ Հայաստանը համեմատելիս` Օլգան նշեց, որ, օրինակ, Բելառուսում ճանապարհներն ավելի բարվոք են, սակայն Հայաստանի եղանակը և բնությունն ավելի լավն է։ Մոսկվացին ավելացրեց, որ մտադիր է աշնանը ավտոմեքենայով Վրաստան գնալ և անպայման կրկին կգա Երևան զբոսնելու։