Սանկտ Պետերբուրգ- Երևան չվերթի վայրէջքի ժամանակ հայ տղամարդ է մահացել

Տղամարդուն փորձել է օգնել օդանավի անձնակազմը, օգնության է հասել նաև ուղևորներից մեկը, բայց, միևույն է, չեն կարողացել փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում այսօր` ապրիլի 7-ին, Սանկտ Պետերբուրգ- Երևան չվերթի վայրէջքի ժամանակ սրտի կաթվածից մահացել է 39 տարեկան Արտակ Վանեցյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սաթենիկ Հովհաննիսյանը` նշելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է եղել։

«1979 թվականի ծնված Արտակ Վանեցյանի մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Օդանավի անձնակազմը օգնություն է ցուցաբերել, օդանավում ուղևորներից մեկը բժիշկ է եղել։ Նա էլ իր օգնությունն է ցուցաբերել, բայց տղամարդը մահացել է»,-ասաց նա:

Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով` օդանավը վայրէջք է կատարել 10:45-ին, դեպքը տեղի է ունեցել հենց վայրէջքի ժամանակ: