ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Ակնհայտ է, որ նրանց գործունեության հիմնական թիրախը լինելու է մեր տարածաշրջանը»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱՄՆ նախագահի վերջին նշանակումների մասին` մատնանշելով, թե ինչպես դրանք կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա։
Sputnik
Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որին փոխարինելու է գալիս Վաշինգտոնում որպես «բազե» հայտնի Մայք Պոմպեոն։ Նա նախկինում ղեկավարել է Հետախուզության գլխավոր վարչությունը և երկար տարիներ աշխատել է օրենսդիր մարմնում, կրթությամբ և մասնագիտությամբ զինվորական է։

Թրամփը, փաստորեն, զինվորականին է նշանակում գլխավոր դիվանագետ։ Երկրորդ «բազեն» նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։ Այս պաշտոնում նշանակվել է մի անձնավորություն, որը բավականին հայտնի մարդ է. խոսքը նախկին դիվանագետ Ջոն Բոլտոնի մասին է, որը հայտնի է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ վերաբերմունքով։

«Նախագահի վարչակազմում այս մարդկանց հայտնվելուց հետո ակնհայտ է դառնում, որ նրանց գործունեության հիմնական թիրախը լինելու է հենց մեր տարածաշրջանը։ Բարդ հարաբերություններ եմ կանխատեսում Իրանի հետ։ Վստահ եմ՝ Թրամփը մեկ ամսից հայտարարելու է, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ձեռք է բերվել Բարաք Օբամայի օրոք»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` բոլորը գիտեն, որ Բոլտոնի և Թրամփի դիրքորոշումներն այս հարցում նման են։