Եկեղեցին վաճառել են, բայց ստիպել են պահպանել հայկական գրությունը․ այսքա՞ն էլ տարբեր հայեր

Նիդեռլանդներում հայերն այդքան էլ շատ չեն, բայց աշխատասիրության ու հնարամտության շնորհիվ նրանք հասցրել են արժանանալ տեղացիների հարգանքին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նիդեռլանդներում երկար ժամանակ արգելված էր 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության համար «ցեղասպանություն» բառն օգտագործել։ Այսուհետև «ցեղասպանություն» բառը մեծ տառերով գրված կլինի Ամստերդամի հայկական եկեղեցու մոտ տեղադրվող խաչքարի վրա։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ «լայքել». Մյանմայի հայկական եկեղեցին

Այս մասին Ամստերդամում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր առաջնորդ Տարոն քահանա Թադևոսյանը։

«Հայկական համայնքի ջանքերի ու լոբբիստական գործունեության շնորհիվ այս տարի Նիդեռլանդները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսում ենք մեր եկեղեցու մոտ մեծ խաչքար տեղադրել, որի վրա մեծ տառերով գրված կլինի «Ցեղասպանություն»»,- ասաց Թադևոսյանը։

Քահանան կարծում է, որ սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ եկեղեցին մայրաքաղաքի կենտրոնում է, իսկ այնտեղ միշտ բազում զբոսաշրջիկներ են լինում։ Խաչքարն ու գրությունը անցորդներին կհիշեցնեի Օսմանյան Կայսրությունում իրագործված ոճրագործության մասին։

Նիդեռլանդների մեկ այլ քաղաքում էլ` Ալմելոյում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կա, որն ամենամեծն է Եվրոպայում, շրջապատված է 16 խաչքարով ու Ծիծեռնակաբերդն է հիշեցնում։

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում․․․

Այսօր Նիդեռլանդներում մոտավորապես 20 հազար հայ է ապրում, որոնցից միայն երեք հազարը` Ամստերդամում։ Հայերը քիչ են, բայց հասցրել են արժանանալ տեղացիների համակրանքին ու հարգանքին, աշխատասեր ժողովրդի համբավ  են ձեռք բերել։

Ապշեցուցիչ մանրամասներ. ինչպես են գերմանացի գեներալներն օգնել թուրքերին կոտորել հայերին

«Կաշվե իրեր արտադրող Arma ընկերությունը, որը հայտնի է աշխարհում և ամենամեծն է Հոլանդիայում, պատկանում է հայերին, որոնք Նիդեռլանդներ են տեղափոխվել XX դարի 50-ականներին», — ասաց Թադևոսյանը։

Եվրոպայի կեսը Arma-ից է կաշվե իրեր գնում։ Քահանան պարզաբանեց, որ դրանք առանձնանում են ոչ միայն հիանալի որակով, այլև հետաքրքիր դիզայնով։

Իրականում տեղացի հայերը շատ տարբեր են․ այստեղ հայեր կան Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հայաստանից և այլն։ Ամեն մեկը յուրովի է վերաբերվում ավանդական արժեքներին։ Օրինակ` եվրոպացի հայի համար նորմալ է, որ մինչև 20 տարեկանը կարող է կնքված չլինել, իսկ Իրաքից կամ Թուրքիայից եկած հայի համար դա անընդունելի է։

Հայկական եկեղեցին հայերի ձուլման դեմ քարոզ է տանում, նշվում են եկեղեցական օրացույցի բոլոր տոները։ Սակայն Հոլանդիայում միայն երեք հայկական եկեղեցի է գործում։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից գործում է նաև կիրակնօրյա դպրոց։

«Հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, պարեր, երգեր ենք սովորեցնում։ Այդ հիմնարար գիտելիքները թույլ կտան մեր հայրենակիցներին չձուլվել ու պահպանել ազգային ինքնությունը», — պարզաբանեց Թադևոսյանը։

Նա ընդգծեց, որ տեղի հայերը չեն մոռանում Հայաստանի մասին․ նախորդ տարի հայկական եկեղեցու ծխականների ջանքերով 40 հազար եվրո են հավաքել և ուղարկել Հայաստան։ Այս տարի գումար են հավաքում Տավուշի մարզում մանկական ժամանցային կենտրոններ կառուցելու համար։

Ոսկան Երևանցու հետնորդները․․․

Հոլանդիայում հայերի մասին առաջին հիշատակումը եղել է XVI դարում։ Այստեղ 1666-1668 թվականներին հայ վարդապետ Ոսկան Երևանցին հրատարակել է հայերեն Աստվածաշունչը։

Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ

«Հիմնականում այստեղ տեղափոխվում էին Նոր Ջուղայի հայերը, այն ժամանակ Ամստերդամը Եվրոպայի առևտրային կենտրոնն էր համարվում։ Ըստ ավանդության՝ ներկայիս Սուրբ Հոգի եկեղեցու տարածքում 40 հայ վաճառականի են լողացրել», —ասաց Թադևոսյանը։

Նրանք այստեղ եկեղեցի են կառուցել, որը գործել է մինչև 1800 թվականը։ Հետո եկեղեցին կաթոլիկ վանականներին են վաճառել, և նրանք կառույցը դպրոցի են վերածել։

Շենքը վաճառելու ժամանակ պայմանագիր է կնքվել, և գնորդը պարտավորվել է պահպանել եկեղեցու վրայի հայերեն գրությունները։ Դա թույլ է տվել պահպանել եկեղեցին։ Ավելի ուշ՝ 1950-1960 թվականներին, Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից Հոլանդիա գաղթած հայերը վերագնել են այն։

Եկեղեցին օծվել է 1989 թվականին։