ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Փյունիկ» ակումբի սեփականատեր ու գործարար Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Հայաստանում, որին կմասնակցեն աշխարհահռչակ ֆուտբոլիստներն ու ոչ վաղեմի անցյալի աստղերը:
«Ես ուզում եմ, որ Հայաստանում ֆուտբոլային տոն լինի, մարդիկ ուրախանան այս խաղով ու խաղադաշտում տեսնեն իրենց կուռքերին: Դրա համար էլ կազմակերպվելու է ֆուտբոլային հանդիպումը, որին կմասնակցեն նախկինում հայտնի աստղերն ու լեգենդներն», — Sputnik Արմենիային ասաց Արթուր Սողոմոնյանը:
Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկից առաջ Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլային լեգենդների հանդիպում, որին կմասնակցեն միլիոնների խաղի ոչ վաղեմի անցյալի աստղեր Ռիվալդոն, Պաոլո Մալդինին, Էռնան Կրեսպոն, Ֆրանչեսկո Տոտին ու Գաբրիել Բատիստուտան: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այդ հանդիպումից մի քանի օր առաջ նույն աստղերի մասնակցությամբ ֆուտբոլային ներկայացում է կազմակերպելու Երևանում:
«Ես շատ լավ հասկանում եմ, թե Հայաստանում ինչքան են սիրում ֆուտբոլը: Դրա համար արեցինք հնարավորինը, որպեսզի համաշխարհային աստղերը ժամանեն Հայաստան ու ֆուտբոլային տոն մատուցեն հայ երկրպագուին»,- նշեց Սողոմոնյանը:
Հայ գործարարի խոսքով` եվրոպացի աստղերից շատերը գիտեն Հայաստանի մասին, ոմանք էլ եղել են մեր երկրում: Բայց լատինաամերիկյան երկրներից քչերն են ծանոթ Հայաստանին, ու շատ կարևոր է, որ մեր երկիր ժամանեն Բրազիլիայի, Արգենտինայի և հարավամերիկյան մայրցամաքը ներկայացնող երկրների ու միաժամանակ աշխարհի լեգենդները:
Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումը, անկասկած, հիշարժան պահեր կպարգևի և՛ խաղի մասնակից ֆուտբոլիստներին, և՛ երկրպագուներին: Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի տոնակատարության ժամանակ (2015 թվական) բազմաթիվ աստղեր` Խրիստո Ստոիչկովի գլխավորությամբ, արդեն այցելել են Հայաստանի մայրաքաղաք Երևան: Հիմա աստղերի թիվն անհամեմատ շատ է լինելու: