ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Էրդողանի թիկնապահների նկատմամբ անհամաչափ պատիժ է կիրառվել»

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է հայ, քուրդ և եզդի ցուցարարների դեմ հարձակում իրականացրած թիկնպահաների դատավճիռը։
Sputnik
Լարիսա Ալավերդյան

Ալավերդյանը կարծում է, որ Էրդողանի թիկնապահները ռասայական խտրականություն են դրսևորել, ինչի համար ոչ միայն մեղմ, այլև ոչ համաչափ պատիժ են ստացել։

«Այստեղ ամենակարևորն այն է, թե արդյոք այդ մարդկանց հասցված վնասվածքները ինչ չափի են եղել` ծանր, միջին, թե թեթև։ Եվ երկրորդ` ինչպես են չափել նրանց բարոյական վնասը, որը հոգեբանական ճնշման գործոն է։ Այսինքն այդ երեք գործոններն էլ կարող են տարբեր ձևով գնահատվել։ Մանրամասն չգիտեմ, թե այդ հարցով ինչ են դիտարկել, բայց կարծում եմ` դա ոչ համաչափ պատիժ է»,- նշեց նա։

Անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ հայ, քուրդ և եզդի ցուցարարների դեմ հարձակում իրականացրած երկու թուրք քաղաքացիները դատապարտվել են 12 ամսվա և մեկ օրվա ազատազրկման և երեք տարվա վերահսկվող ազատության: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Երկուսն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի մեջ են եղել անցյալ տարվա հունիսից և իրենց մեղավոր են ճանաչել դեկտեմբերին: