Արոնյանն ու Մագնուս Կարլսենը Grenke Сhess Сlassic-ում խաղացին ինչպես հավասարը հավասարի հետ

Այս մրցապայքարից հետո Արոնյանը և Կարլսենը վաստակեցին 3,5-ական միավոր և հավասարվեցին մյուս 3 առաջատարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ մրցապայքարում: Գրոսմայստերները խաղը դադարեցրեցին 52-րդ քայլում` ոչ ոքի ելքով:

Այս մրցապայքարից հետո Արոնյանը և Կարլսենը վաստակեցին 3,5-ական միավոր և հավասարվեցին մյուս 3 առաջատարներին, որոնք դեռ չեն ավարտել իրենց պարտիաները:

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։

Ապրիլի 7-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր: