Հայաստանը «Սկրիպալի գործի» համապարփակ ու թափանցիկ հետաքննության կողմնակից է. Բալայան

Պաշտոնական Երևանը ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի անունից կոչ է անում բոլոր կողմերին բարի կամք դրսևորել ու համագործակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Երևանը «Սկրիպալի գործի» անաչառ ու վստահելի հետաքննության կողմնակից է և բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հայաստանը համաձայն է «Սկրիպալի գործով» Ռուսաստանի հայտարարության հետ

«Հայաստանը հետևողականորեն աջակցել է միջազգային հանրության ջանքերին` ուղղված քիմիական զենքերի կամ դրանց հետ կապ ունեցող վտանգավոր նյութերի օգտագործման հնարավորության ամբողջական վերացմանը` Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի դրույթների իրականացման միջոցով», — ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։

Քիմիական զենքերի կամ դրանց հետ կապ ունեցող վտանգավոր նյութերի օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին հայտարարություն պետք է անկողմնակալ, վստահելի, համապարփակ ու թափանցիկ հետաքննության առարկա հանդիսանա` Կոնվենցիայով և դրա հավելվածներով հաստատված մեխանիզմների համաձայն։

«Այս առումով, Հայաստանը կոչ է անում բոլոր կողմերին համագործակցության բարի կամք դրսևորել», — ասաց Բալայանը։

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Հայաստանը որևէ մեկի շահերով չի առաջնորդվում։ Երևանը տվյալ փուլում պետք է զերծ մնա «Սկրիպալի գործով» վաղաժամ դատողություններից, եզրակացություններից ու որոշումներից։

Ոչ մի պետություն Մոսկվայի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել Սկրիպալի գործով. ԱԳՆ

Մասնավորապես, Քոչարյանը նշել է, որ անհրաժեշտ է պատասխանել հարցին` որտեղ է արտադրվել քիմիական զենքը, այսինքն` պարզել ծագումը, ով է գործել հանցագործությունն ու ով է պատվիրատուն։ Փոխնախարարն ընդգծել է` հետազոտություններն անցկացրած լաբորատորիան նշել է, որ չի կարող պարզել նյութի ծագումը, այդ պատճառով անհրաժեշտ է հիմնվել համապատասխան մասնագետների եզրակացությունների վրա։

Հայաստանն ու հետխորհրդային յոթ այլ երկրներ սատարել են Ռուսաստանի հայտարարությունը, որը հնչել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստի ժամանակ։

Բացի Հայաստանից, հայտարարության հետ համաձայնել են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, նաև Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան ու Կուբան, ընդամենը` 14 երկիր։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։