«Աջ ղեկով» մեքենաների ճակատագիրը կամ ինչու «հայկական» մեքենաները կմնան Վրաստանում

Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը բացասական է անդրադարձել շուկայում ավտոմեքենաների բիզնեսի վրա։ Շատերը սնանկացել են: Եթե ինչ–որ մեկն էլ դիմանում է, ապա հայտնվել է դժվար կացության մեջ։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում արդեն սկսել են քաղել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պտուղները։ Ճապոնիայից ներկրված մի քանի ավտոմեքենաներ, որոնք չեն հասցրել մինչև մարտի 31-ի կեսգիշերը հատել հայ-վրացական սահմանը, մինչև հիմա կանգնած են չեզոք գոտում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը։

«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը` չնայած հասարակության բողոքին, ուժի մեջ է մտել 2018թ-ի ապրիլի 1-ին։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունն այդ արգելքը բացատրում է հետևյալ կերպ` մեր երկրում աջակողմյան երթևեկություն է, և աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է։

«Մի քանի մեքենաներ, որոնք չեն հասցրել հատել հայ-վրացական սահմանը մինչև մարտի 31-ի ժամը 24։00-ն, մնացել են չեզոք գոտում։ Վարորդները փորձել են անցնել սահմանը, բայց քանի որ արդեն եղել է ապրիլի 1-ի 00։30-ը, նրանց չեն թողել։ Ավելին, թույլ չեն տալիս ավտոմեքենաները հետ տանել Վրաստան։ Հիմա մենք որոշում ենք, թե ինչպես դուրս գանք դրությունից», — ասաց Դավթյանը։

Դավթյանը ստեղծված իրավիճակը բացատրում է նրանով, որ Ճապոնիայից Հարավային Կովկաս ավտոմեքենաներ ներկրելու համար երկար ժամանակ է պետք. մինչ Հայաստանի խորհրդարանն ընդունում ու հաստատում էր օրենքը, շատերը ավտոմեքենաներ էին գնում Ճապոնիայից, բայց դրանց առաքման գործընթացը տևում է 3-4 ամիս, որոշ դեպքերում` ավելի երկար։

Ավտոմեքենան երկար ճանապարհ է անցնում մինչև գնորդին հասնելը։ Միայն կոնտեյների մեջ բեռնելը, որում 6-8 ավտոմեքենա է տեղավորվում, կարող է մեկից մինչև մի քանի օր տևել։ Հետո ավտոմեքենաներով բեռնված կոնտեյները 15 օր մնում է թուրքական նավահանգստում, ևս 3-10 օր էլ` Փոթիի նավահանգստում։

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, գնված ավտոմեքենաների հոսքը չի դադարի մինչև ապրիլի վերջ։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը Վրաստանում ղեկը փոխելն է։ Դավթյանը վստահ է, որ ավելի տրամաբանական կլինի, եթե իշխանությունը թույլ տա աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան, բայց շահագործել միայն ղեկը փոխելուց հետո։

Այսօր ավտոմեքենայի աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելը հարևան Վրաստանում ավելի էժան է. գները սկսվում են 150 դոլարից։ Հայաստանում նույն գործողությունն արժե առնվազն 350 դոլար, բայց որոշ մեքենաների համար գինը կարող է հասնել մինչև 2 հազար դոլարի։

«Դա պայմանավորված է նրանով, որ այն պահեստամասերը, որոնք անհրաժեշտ են ղեկը փոխելու համար, Հայաստան են ներկվում Ճապոնիայից, հետևաբար Հայաստանում ղեկը փոխելն ավելի թանկ է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի վարպետներից մեկը, որը չցանկացավ հայտնել անունը։

Այվազյան. «Հանդիպակաց վթարի դեպքում աջ ղեկով մեքենայի վարորդի համար ավելի անվտանգ է»

Նա նշեց, որ հիմնականում Հայաստան են ներկրում C, E, A դասի Mercedes, BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշների ավտոմեքենաներ։ Դրանց շարքում ամենաթանկը BMW մակնիշի ավտոմեքենաների ղեկը փոխելն է։

Վարպետը նաև նշեց, որ ղեկը փոխելուց հետո մեքենաների անվտանգության վերաբերյալ մտավախությունները մի քիչ չափազանցված են։

«Ամեն ինչ կախված է գործն անող վարպետից։ Եթե ամեն ինչ որակով է արված, ապա փոխելուց հետո խնդիրներ չեն լինի», — ասաց մեր զրուցակիցը։

Աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման արգելքը հարվածել է բոլոր նրանց գրպաններին, ովքեր զբաղվում են ավտոմեքենաների բիզնեսով։ Վաճառողներից շատերը սնանկացել են, մյուսները փորձում են դուրս գալ եվրոպական և ամերիկյան շուկաներ։

Եթե անցած տարի Autocom Japan ընկերության երևանյան գրասենյակն ամեն ամիս վաճառում էր մինչև 500 մեքենա, այսօր այդ ցուցանիշը կրճատվել է հինգ անգամ։