Բաքուն փորձում է դադարներ թույլ չտալ արցախյան բանակցություններում. Տոնոյան

Ադրբեջանը հույս ունի, որ շփման գծում շարունակական սադրանքներով և սպառնալիքներով կհաջողվի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել արցախյան հիմնախնդրի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի իշխանությունը փորձում է դադարներ թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

«Մեծ եղբայրը». Արցախի վերաբերյալ Բաքվի որոշումները թելադրվում են Անկարայից

Տոնոյանի կարծիքով` Ադրբեջանում և Հայաստանում ընտրական գործընթացները մի քիչ նվազեցրել են դիվանագիտական ակտիվությունը ղարաբաղյան «ճակատում»։ Ու թեև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ կողմերը բանակցություններին կվերադառնան ընտրական շրջանից հետո, այդուհանդերձ Բաքուն փորձում է թույլ չտալ, որ գործընթացը քնի։

Գործի են դրվում ինչպես քաղաքական և դիվանագիտական գործիքները, այնպես էլ` ռազմական հռետորությունը։

«Ադրբեջանը հույս ունի, որ շփման գծում շարունակական սադրանքներով և սպառնալիքներով կհաջողվի գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը արցախյան հիմնախնդրի նկատմամբ», — նշեց Տոնոյանը։

Փորձագետի կարծիքով` շատ առումներով Ադրբեջանին առաջնագծում իրավիճակի սրման է դրդում Թուրքիան։ Անկարան չի թաքցնում Հարավային Կովկասի վերաբերյալ իր ծրագրերը և հավակնությունները, Թուրքիայի տարածքում պատրաստվածություն են անցնում հարյուրավոր և հազարավոր ադրբեջանցի սպաներ։ Չպետք է հույս դնել, որ Սիրիայում իրավիճակը կշեղի թուրքական ղեկավարության ուշադրությունը կովկասյան գործերից։

Նշենք, որ Թուրքիան տարբեր մակարդակներում պարբերաբար հայտարարում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» և Արցախն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին։