ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քիչ առաջ Վատիկանի այգիներում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը, որը Վատիկանում կանգնեցվել էր դեռ այս տարվա մարտի 21-ին։
Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։
Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես Պապի` առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:
Գրիգոր Նարեկացին միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Նա սրբադասվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում «Մատյան ողբերգության» («Նարեկ») չափածո աղոթքների ժողովածուն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքը։