Քոչարյանը չի մեկնաբանում Ռուսաստանից երրորդ վարկ ստանալու հարցը

Հայաստանն ուշադիր հետևում է ռուս–թուրքական հարաբերությունների ջերմացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանը շարունակում է համալրել իր ռազմական կարողությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքի գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Իսկանդերների» մասին հարցին

Թե ինչ միջոցներով Հայաստանը նոր զինտեխնիկա ձեռք կբերի, փոխնախարարը չհստակեցրեց։ Իսկ Ռուսաստանից երրորդ ռազմական վարկի լուրերը մեկնաբանելու մասին լրագրողների պնդմանը Քոչարյանը չպատասխանեց` ասելով. «Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Կասեմ միայն, որ մեր ռազմական կարողությունների համալրումն ու արդիականացումը Ռուսաստանի հետ կայուն, հարատև գործընթաց է»։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի` Անկարա կատարած այցին ու Թուրքիային S-400-ի վաճառքն առաջնահերթություն որակելուն, Շավարշ Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից։

«Տվյալ պարագայում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը համընկնում են, և մենք պետք է դա հաշվի առնենք ու ուշիուշով հետևենք»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ էր տրամադրել։ Այդ գումարով Հայաստանը Ռուսաստանից գնեց «Սմերչ» հրթիռային համալիրներ ու դրա համար ռազմամթերք, «Իգլա-Ս» զենիթային հրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Կոռնետ», ՏՕՍ-1 А համակարգեր, դիպուկահարների հրացաններ ու սպառազինության այլ տեսակներ։

2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երկու երկրները 100 մլն դոլարի նոր վարկային համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես ավելի վաղ Երևանում հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը, Ռուսաստանն այդ վարկի շրջանակում ռազմամթերք կսկսի մատակարարել ընթացիկ տարում։