Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը գիտի` ով և ինչպես է գումար աշխատելու ապագայում

XXI դարում կրթության ոլորտն առանցքային է լինելու, ավելի կարևոր, քան նավթագազային և որևէ այլ ոլորտ, կարծում է բարերարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Մոտակա 25 տարվա ընթացքում կպահպանվի այն միտումը, ըստ որի` մարդկությունը կսկսի կապիտալիզմից գնալ դեպի «տաղանդավորություն», «Ռուսական բիզնես և տեխնոլոգիաներ» («Российский бизнес и технологии») պարբերականին տված հարցազրույցում ասել է հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

Տաղանդավորությունը պայմանական անվանում է, որն առաջարկել է գերմանացի տնտեսագետ, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը։ Տաղանդավորության դարաշրջանում առանցքային դեր է խաղալու ստեղծագործ մարդը։

Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում

Վարդանյանը կարծում է, որ մարդիկ տաղանդավորության դարաշրջանում արևի տակ իրենց տեղը գտնելու համար պետք է շատ լավ կրթություն ստանան, ինչը նշանակում է, որ կրթության ոլորտն առանցքային կլինի XXI դարում, ավելի կարևոր, քան նավթագազային և որևէ այլ ոլորտ, որոնք կարևոր ու անհրաժեշտ էին ինդուստրիալ հասարակության համար։

«Մարդիկ, որոնք կարող են նորարար արտադրանք տալ, աշխարհում քիչ տոկոս են կազմում։ Նրանք ընտրելու են ապրել տեղը, որպեսզի նախ` լավագույնս դրսևորեն իրենց, երկրորդ` որպեսզի նրանց երեխաները կարողանան ավելի լավ կրթություն ստանալ, երրորդ` որպեսզի նրանց համար ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր կլինի։ Արդյունքում աշխարհը փոխվելու է, ուղեղի և կապիտալի ավելի շատ կենտրոնացման կետեր են առաջանալու», — ասել է բարերարը։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում ինչպիսի ինտելեկտուալ և նորարարական ներուժ կա, Վարդանյանն ընդգծել է, որ այն շատ մեծ է, բայց առևտրայնացման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Մարդիկ պատրաստ չեն ռիսկի դիմել և պատասխանատվություն ստանձնել, վախենում են ձախողումից, նրանից, որ ամեն ինչ անհրաժեշտ կլինի զրոյից սկսել, եթե ընկերությունը սնանկացել է կամ գաղափարը չի արդարացրել։

«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում

«Մեր հասարակությունը դեռ չի կարողանում ընդունել այն, որ հաջող բիզնես վարելու համար պարտադիր չէ ճոխ ավտոմեքենաներ և գրասենյակներ ունենալ, այլ պարզապես կարելի է փոքր թիմ հավաքել և լավ արտադրանք տալ, որը եկամուտ կբերի։ Սակայն փոփոխություններն աստիճանաբար են լինում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծման առաջատարներից է։ Այդ առումով մենք համեստություն անելու բան չունենք», — ասել է նա։

Վարդանյանը մեծ ուշադրություն է դարձնում կրթական նախագծերին, որոնց թվում են Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը և Հայաստանում գտնվող UWC Dilijan դպրոցը։ Գործարարը համոզված է` տեխնոլոգիական առաջընթացն ու ցանկացած երկրի հաջողությունն առաջին հերթին կրթությունից են կախված։ Այս հարցում Ռուսաստանը և՛ առավելություններ, և՛ թերություններ ունի։

«Շատ ուրախ եմ, որ Ռուսաստանում սկսում են կապիտալ ներդնել կրթության մեջ, նորաոճ է դառնում մասնավոր կրթական նախագծեր ստեղծելը։ Մենք «Սկոլկովո» կառավարման դպրոցը ստեղծում էինք այն ժամանակ, երբ երկրում մասնավոր բիզնես-դպրոցի ստեղծման հնարավորությանը ոչ ոք չէր հավատում։ Իսկ այսօր այն առաջատար է բիզնես-կրթության ոլորտում», — համոզված է Վարդանյանը։

«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին

Ինչ վերաբերում է Հայաստանի UWC Dilijan-ին, ապա դա պարզապես դպրոց չէ, այլ կրթական հաստատություն, որտեղ աշխարհի 82 երկրի երեխաներ են սովորում։

Առաջին հայացքից շատ դժվար է պատկերացնել, որ ճապոնացի տղան կամ ամերիկացի աղջիկը կասի ծնողին` ուզում եմ Հայաստանում սովորել։

«Այդ դպրոցում սովորողների միայն 10%-ն են հայ։ Այստեղ ամերիկյան, բրիտանական կամ ֆրանսիական դպրոցների նման բան չկա, երբ քեզ փորձում են դոմինանտ մշակույթի կրող դարձնել։ Մյուս երկրների երեխաներն այստեղ են գալիս իրենց ինքնությունը պահպանելու գիտակցված ցանկությամբ, սակայն միևնույն ժամանակ սովորում են գործակցել այլ ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների հետ», — ասում է գործարարը։

Գենդերային, կրոնական, մշակութային և ազգային առանձնահատկություններն ու տարբերությունները հասկանալու կարողությունը հաջողության կարևոր պայմանն է, որովհետև ցանցային համակարգում ստիպված ես լինում շփվել տարբեր մարդկանց հետ և անհրաժեշտ է հասկանալ միմյանց։