ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Ուշադիր կլինեք` հանձնարարության հետևանքով չունենանք ադմինիստրատիվ խնդիրներ»

Հայաստանյան բոլոր արտադրական ու սննդի կետերում ստուգումներ կիրականացվեն:
Sputnik
Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի մասին հայտարարությամբ ու հանձնարարականներով:

Ի՞նչ վիճակում են գազի բալոնները Հայաստանի ռեստորաններում. փորձագետի գնահատականը

Վարչապետը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարեց 2 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ անցկացնել արտադրական վտանգավոր օբյեկտներում ու սննդի կետերում՝ բացահայտելու առկա հնարավոր խախտումները:

Ապա միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որ հանձնարարության հետևանքով չունենանք ադմինիստրատիվ խնդիրներ ու լիազորությունների ոչ ճիշտ կառավարում»,- դիմելով ԱԻ նախարարին՝ ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև գործարարներին առաջարկեց սեփական նախաձեռնությամբ ու պետական կառույցների հետ համագործակցությամբ միջոցներ ձեռնարկել՝ խախտումների վերացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն:
Խոհանոցում պայթել էր թթվածնի բալոնը, տուժել էր 9 մարդ, որոնց մեջ կային նաև անչափահասներ: Տուժածներից 2–ը Իրանի, 2–ը ՌԴ քաղաքացիներ էին։