ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 4-ին, ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանելով է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի հետ` սպառնացել է նրան, որ կսպանի և վերջնարդյունքում ձեռքին եղած դանակով հարվածել է նրա ճակատին` մարմնական վնասվածք հասցնելով։ Հանցագործը դիմել է փախուստի։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։ Ըստ կայքի տեղեկատվության`ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ դանակահարողը Աշտարակի բնակիչ 46-ամյա Աշոտ Մաթևոսյանն է, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության ապացույց դանակը, որով նա հարվածել էր Մանուկյանին:
Ըստ աղբյուրի` Հմայակ Մանուկյանը Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Իսկ մինչ այդ Ա. Մաթևոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: