Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Իսկանդերների» մասին հարցին

Երևանը զենքի մատակարարման հարցում աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի, ասել է Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը զենքի մատակարարման հարցում աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք Երևանը սպասում է, որ ՌԴ-ն երրորդ վարկը կտա «Իսկանդերների» մատակարարման համար։

«Սպառազինության մատակարարման հարցում մենք մշտապես համագործակցում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում նաև առկա ֆինանսական գործիքների շրջանակում», — ասել է Սարգսյանը լրագրողներին։

Մոսկվան զինում է դաշնակցին. ի՞նչ կստանա Հայաստանն այս անգամ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին

Հայաստանն առաջին անգամ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներ է ստացել 2016 թվականին։

Հիշեցնենք, որ բացի այդ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ էր տրամադրել։ Այդ գումարով Հայաստանը Ռուսաստանից գնեց «Սմերչ» հրթիռային համալիրներ ու դրա համար ռազմամթերք, «Իգլա-Ս» զենիթային հրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Կոռնետ», ՏՕՍ-1 А համակարգեր, դիպուկահարների հրացաններ ու սպառազինության այլ տեսակներ։

2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երկու երկրները 100 մլն դոլարի նոր վարկային համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես ավելի վաղ Երևանում հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը, Ռուսաստանն այդ վարկի շրջանակում ռազմամթերք կսկսի մատակարարել ընթացիկ տարում։