Քիմը «Հայկական» անունով ստվերաներկ է թողարկել` չմոռանալով իր արմատների մասին

Ամերիկահայ հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը դիմահարդարման միջոցների նոր շարք է թողարկել։ Վերջերս հարցազրույցում նա պարզաբանել է` ինչու են ստվերաներկերը կոչվում «Հայկական» ու «Ալբանական»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանն իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ դիմահարդարման միջոցների նոր` KKW x Mario անվանումը ստացած շարք է թողարկել։ Այս միջոցների մեջ նաև «Հայկական» ու «Ալբանական» ստվերաներկեր կան։

«Ես ու Մարիոն մեծ ուշադրություն ենք դարձնում մեր արմատներին։ Երկուսիս համար էլ մեր ժառանգությունը շատ կարևոր է», — երիտասարդ կանանց համար նախատեսված Refinery29 մեդիա-ընկերության հետ հարցազրույցում Քիմը պարզաբանել է ստվերաներկերի անվանումները։

Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկար է հրապարակել գայթակղիչ արտաքինով երիտասարդի հետ

Քարդաշյանն ասել է, որ Մարիոն ուղեկցել է նրան իր հայաստանյան այցի ժամանակ։

«Մարիոն ինձ հետ Հայաստնում էր։ Մենք անընդհատ խոսում էինք մշակույթի մասին, այնպես որ, հրաշալի գաղափար էր ստվերաներկերը մեր ինքնությունը ներկայացնող անուններով կոչել», — նշել է Քիմը։

Դիմահարդարման միջոցների թողարկմանը նվիրված հանդիսավոր ընթրիքը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզում։ 2017 թվականին Քարդաշյանը KKW Beauty դեկորատիվ դիմահարդարման միջոցների սեփական ապրանքանիշն է ստեղծել։ Միջոցառմանը Քիմն եկել էր Versace-ից երկար սև շրջազգեստով։

Քիմ Քարդաշյանը հայտնի ֆոտոմոդել է, դերասանուհի և հաղորդավարուհի, ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին։ Քիմբերլիի հայրը (Քիմի ամբողջական անունը) փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, ծագումով հայ, որի նախնիները Կարս քաղաքից Կալիֆոռնիա են տեղափոխվել 19-րդ դարում։