Հյուսիսային պողոտայի պայթյունից տուժած ռուս զբոսաշրջիկները կմեկնեն Մոսկվա

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունից տուժած ՌԴ քաղաքացիներն այսօր կլքեն Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունից տուժած ՌԴ 3 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից և պատրաստվում են այսօր Մոսկվա մեկնել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը։

«Ռուսաստանի քաղաքացիները մեկ ժամ հետո կմեկնեն տուն` Ռուսաստան։ Բժշկական կենտրոնում դեռևս 2 տուժած կան», — ասաց Մանուկյանը։

Հիվանդանոցում են 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանն ու 6 տարեկան Ռուդոլֆ Մարկոսյանը։

Տուժածներից 3-ին երեկ են դուրս գրել հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում պայթել էր ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնը: Պայթյունի հետևանքով տուժել էին 8 մարդ՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի): Նրանց տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։