ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Մոսկվայի արևելքում գտնվող «Պերսևս» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկել, փրկարարները տարհանում են այցելուներին, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրին։
«Հրդեհը 2-րդ աստիճանի բարդության է, կան տուժածներ, այցելուներին տարհանում են փրկարարական աստիճանով», — ասել է գործակալության զրուցակիցը։
ԱԻՆ-ի տեղեկություններին զուգահեռ ՆՏՎ հեռուստաալիքը հայտնում է, որ «Պերսեյ» առևտրի կենտրոնից 115 մարդու են տարհանել։ Տուժածների մասին տվյալներ չկան, այժմ ոստիկանները ստուգում են ծխահարված տարածքները չորրորդ հարկում, որտեղ բռնկել էր հրդեհը։
ՏՎՑ-ի տվյալներով, մոտ 300 մարդու են տարհանել։
Մոսկվայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունը հաստատել է Մալայա Սեմյոնովսկայա 28 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի փաստը` այլ մանրամասներ չհայտնելով։
Դեպքը տեղի է ունեցել Կեմերովոյի ողբերգությունից հետո առևտրի կենտրոններում իրականացվող զանգվածային ստուգումների ֆոնին։