«Մի գնա»-ն «պայթեցրել» է աշխարհի երկրների մեծ մասը. այն արդեն կարելի է լսել արաբերենով

Մեծ աղմուկ հանած «Մի գնա» հայկական հիթը գրավում է աշխարհը, հիմա էլ այն արաբներն են երգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը շարունակում է տարածվել աշխարհով մեկ` միլիոնավոր մարդկանց սրտեր գերելով։ Այս անգամ երգը ներկայացվել է արաբերենով։  

«Արաբական տարբերակ #migna» անվանումով տեսանյութը, որում արաբ երգիչները կատարում են այդ հիթը, հրապարակվել է Facebook սոցիալական կայքի «Mi._.Gna Moscow» էջում։ Հայկական հիթի երկրպագուները դրանով չեն սահմանափակվել, «Մի գնան»-ն էջ ունի Instagram-ում, խումբ` Facebook-ում և այլ սոցիալական կայքերում։

Ավելի վաղ Դուբայի ակումբներից մեկում լիբանանցի երգիչ Չադի Բասարը (Chadi Bassar) այդ երգը հայերենով էր կատարել։

«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ

Թե ինչում է այս երգի հաջողության գաղտնիքը` առայժմ հայտնի չէ։ Հայկական հիթը հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա և այլն։  

Նախորդ տարի երգի նոր տեսահոլովակ էր հայտնվել` ֆրանսիացի աստղ Maître Gims-ի կատարմամբ։ Հայկական հիթը կատարել են նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, հետո արդեն Վրաստանում ու Հունաստանում։

Հունաստանից հայտնի երգիչ Գրիգորիս Մարկելիսը ձայնագրել է «Մի գնա» երգի հունարեն տարբերակը։ Մարկելիոսը երգը կատարել է Պատրո Օսի հետ համատեղ։ Տեսահոլովակը ցանցում տեղադրվել է մարտի 31-ին, բայց արդեն 1,3 միլիոն դիտում ունի։