ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանում պատրաստվում են ավելացնել ավտոմեքենայի պատուհանից աղբ նետելու համար սահմանված տուգանքի չափը։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։
Փոփոխությունների հեղինակը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, ով առաջարկում է սահմանված 5 հազար դրամի փոխարեն օրինախախտներին տուգանել 10 հազարով։ Խոսքը ծխախոտի մնացուկների մասին է, որոնք վարորդները, երբեմն էլ ուղևորները նետում են մեքենայի պատուհանից։
Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն էլ նշել է, որ կառավարությունը նույնպես պատրաստում է փոփոխություններ կատարել օրենսգրքում, որով չեն շրջանցի այդ խախտումը։ Ընդ որում` նրա հավաստիացմամբ `տուգանքը կկազմի ոչ թե 10, այլ 20 հազար դրամ։
Բաբուխանյանը և ոստիկանության աշխատակազմը մոտ ապագայում կմշակեն օրինագիծը։