Երևանը ջանքեր կգործադրի ՀԱՊԿ անվտանգության ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար

Երևանը ՀԱՊԿ–ն և Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման արտաքին գլխավոր բաղադրիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը հետագայում ևս ամեն ինչ կանի ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հնարավորություններն ավելացնելու և խաղաղապահական ներուժը ձևավորելու համար, Մոսկվայում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Իսկանդերների» մասին հարցին

«Մենք հպարտանում ենք, որ հետևողականորեն հանդես ենք եկել և հանդես ենք գալիս ՀԱՊԿ ներուժն ամրապնդելու օգտին, և որ հենց Հայաստանի նախագահության տարում հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատվեց մեր կազմակերպության անվտանգության ռազմավարությունը», — ասել է Սարգսյանը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովի ընթացքում։

Նա հավելել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ հիմնադիր երկրներից մեկը, կազմակերպությունը և Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցության զարգացումը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ։

«Միաժամանակ մեր գլխավոր կանոնը հարաբերություններում անկեղծությունն է և հուսալիությունը։ Միակ բանը, թե ինչու է մեզ դա հաջողվել, այն է, որ մենք միշտ զսպել ենք մեզ Բրյուսելին պայմանականորեն ինչ-որ բան ասելու գայթակղությունից, ինչն այնտեղ մեծ ոգևորությամբ կընդունվեր, (բայց այնպիսի բան ասել), որ չէին ցանկանա լսել Մոսկվայում և հակառակը… Ես ոչ մի դեպք չեմ հիշում, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով փորձեր կասկածի տակ դնել ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ մեր հարաբերությունները։ Ճիշտ այդպես ես երբեք չեմ տեսել, որ ամերիկացի կամ եվրոպացի գործընկերները չըմբռնեին մեր հատուկ դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում», — ասել է Վիգեն Սարգսյանը։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։