ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Անկարայի դատախազությունը ԱՄՆ–ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին (որի արտահանձնելուն Թուրքիան փորձում է հասնել արդեն երկար ժամանակ) հեռակա ձերբակալության է դատապարտել, հայտնում է Diken.com.tr–ը։
Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի հիմնական կազմակերպիչ են համարում։ Թուրքիայի իշխանությունները նաև կարծում են, որ նրա ղեկավարած շարժումը առնչություն ունի Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կազմակերպման հետ։ Ձերբակալության մասին դատախազության որոշումը կայացվել է ռուս դիվանագետի սպանության փաստով հարուցված գործի հետաքննության շրջանակներում։
Դատախազի խոսքով` հանցագործը` Մևլութ Ալտինտաշը, կապ էր պահպանում Գյուլենի շարժման հետ և սպանության հրահանգները ստացել է շարժման ներկայացուցիչների հետ Կիպրոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ դեսպան Անդրեյ Կարլովին սպանել էին 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում։ Նրա վրա զինված հարձակում էր իրականացվել Թուրքիայի մայրաքաղաքում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։
Ստացված վնասվածքներից դեսպանը մահացել է։ Կարլովի վրա իրականացրած հարձակումը ահաբեկչական էին որակել։ Դեպքի վայր հասած իրավապահ մարմինները տեղում գնդակահարել էին մարդասպանին։
ՌԴ Քննչական կոմիտեն «Միջազգային ահաբեկչության ակտ» հոդվածով քրեական գործ է հարուցել։ Կարլովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում են տվել։
Ավելի վաղ հետաքննության շրջանակներում 7 մարդ էր ձերբակալվել, որոնց կասկածում են Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու մեջ։