ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայկական Չալթիր գյուղը, որ գտնվում է Ռուսաստանի հարավում, խորովածի մայրաքաղաք է կոչվում։ Այստեղ է ապրում և աշխատում նաև Սերգեյ Խռխռյանը, որը խոհարարական անակնկալ է պատրաստում ֆուտբոլի բոլոր սիրահարների համար։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»` նշելով, որ նա իր անակնկալը կմատուցի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։
Չալթիրում հասարակական սննդի 130 կետ կա, որոնք միաժամանակ կարող են սպասարկել ավելի քան 10 հազար մարդու։ Լեգենդներից մեկի համաձայն` Չալթիր անվանումը ծագում է հայկական «չալ», «չալկա» բառերից, ինչը նշանակում է նավամատույց, կառանել։
Ինչպես գրում են հոդվածի հեղինակները, հայկական գյուղի բնակիչների թիվը մեծ չէ։ Այսինքն մեկ գյուղացուն ռեստորանի երեք այցելու է բաժին ընկնում։
«Մեր նախնիները շատ են ճանապարհորդել և սովորել են պատրաստել տարբեր ժողովուրդների ամենահամեղ ուտեստները։ Իրենց վարպետության գաղտնիքները մեզ են փոխանցել։ Ցանկացած այցելու մեզ համար հյուր է, այդ պատճառով կստանա այն ամենը, ինչ ցանկանում է։ Մենք նաև մեր առանձնահատկությունն ունենք` մածուն ենք մատուցում», — պարբերականին ասել է WorldSkills Russia-2016 մասնագիտությունների IV ազգային առաջնության հաղթողը։
Խոհարարները, նրա խոսքով, մածունը պատրաստում են սեղանին մատուցելուց մի քանի ժամ առաջ։
«Միայն այդ դեպքում է մածունը նուրբ ու հաճելի լինում` միաժամանակ պահպանելով օգտակար բոլոր հատկությունները»,- ավելացրել է Սերգեյը։
Աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը կկայանա Մոսկվայում հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նույնպես կանցկացվի «Լուժնիկիում» հուլիսի 15-ին։