ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ երկու միլիոն դոլար ոռոգման համակարգի արդիականացման համար: Վարկային համաձայնության նախագիծը երեքշաբթի հաստատվել է Հայաստանի խորհրդարանի ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստում:
Հիմնական ծրագրով 2013թ.-ին ՀԲ-ը Հայաստանին տրամադրել է 30 միլիոն դոլար: Ըստ ծրագրի՝ Հայաստանի չորս մարզերում ոռոգման ջուրը կմատակարարվի ոչ թե պոմպով, այլ ինքնահոսով:
Մեղրիում մի համակարգն արդեն գրեթե պատրաստ է: Այնտեղ՝ Իրանի սահմանին, ջուրը վերցրել են Արաքսից, իսկ հովտի բարձրադիր գյուղեր ջուրը մատակարարվում է պոմպերով: Այժմ ջուրը կտրամադրվի Արաքսի վտակներից, որոնք հոսում են լեռներից: Դա կօգնի տնտեսել էլեկտրաէներգիան:
Եվս երեք համակարգերում՝ Քաղցրաշենում, Գեղարդալճում և Բաղրամյան-Նորակերտում, շինարարությունն ավարտվում է: Իսկ Բաղրամյանի շրջանի գյուղերում լրացուցիչ միջոցներով կկառուցվեն ոռոգման ներքին համակարգեր գյուղացիների համար:
Հայաստանում ոռոգման ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 11 դրամ է: Բայց իրականում այն կրկնակի թանկ է (միջինում 22-23 դրամ է, տարբերությունը վճարում է պետությունը): Հիմնականում պոմպերի ծախսերի պատճառով: Ուստի որքան մեծ է ինքնահոսը, այնքան քիչ է ջրի ինքնարժեքը: