ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի Sputnik. Մարտի 31-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ կասկածվող էջմիածինցի 31-ամյա Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում է կայացրել։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ տուժողին վրաերթի ենթարկելուց և դեպքի վայրից սպրդելուց հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել, թե իբրև վրաերթն ինքն է կատարել, ինչի արդյունքում տուժողը տեղում մահացել էր:
Սակայն հավաստի ապացույցների բացակայության պատճառով ոստիկանները նրան ազատ էին արձակել` շարունակելով փնտրել իրական մեղավորին։ Ավելի ուշ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների, նաև բացատրական աշխատանքների շնորհիվ մեղակայանով ոստիկանություն էր ներկայացել իրական վրաերթ կատարողը։
Նա տեղափոխվել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այժմ Կարապետյանը դատական գործընթացին կսպասի Արմավիր քրեակատարողական հիմնարկում։
Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների` Ռոբերտ Կարապետյանը գործարար է։ Իսկ վրաերթի ենթարկվածը, ով տեղում մահացել էր, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականն էր։