Փորձագետը պարզաբանում է` կարո՞ղ է արդյոք շոկոլադը վառվել

Սոցիալական կայքերում մեծ տարածում են գտել այրվող շոկոլադով տեսանյութերը, ու տարրական գիտելիքներ չունեցող մարդիկ բարձրաձայնում են շոկոլադի համաշխարհային արտադրության ոլորտում ամենաթողության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Տեսանյութերը, որտեղ օգտատերերը այրելով շոկոլադը` փորձում են պարզել դրա իրական ծագումը, սոցիալական կայքերում հույզերի տեղատարափի պատճառ են դարձել։ Շատերը գիտելիքների բացակայության պատճառով շոկոլադ արտադրողների հասցեին բազմաթիվ լուտանքներ են թափում, քննադատում նրանց։

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ անգամ իսկական շոկոլադը կարող է այրվել։

«Կակաոյի հատիկները կամ շոկոլադի կտորը, բնականաբար, պետք է այրվեն։ Այս մասին գիտի յուրաքանչյուր մարդ, որը դպրոցում քիմիա է անցել», —ասաց Պիպոյանը։

Իսկական, բարձրորակ շոկոլադը բաղկացած է հատիկավոր կակաոյից, կակաոյի յուղից ու շաքարավազից։ Սակայն հաճախ արտադրողները կակաոյի յուղի ու կակաոյի հատիկների բարձր արժեքի պատճառով ավելի էժան արմավենու յուղ են օգտագործում։

Քաբաբը գերադասելի է fast food-ից. Հայաստանում ոգևորված չեն McDonald's ունենալու գաղափարով

«Ես ինքս մի քանի շոկոլադ եմ ուսումնասիրել։ Պարզվել է, որ հայկական շուկայում դժվար է բարձրորակ շոկոլադ գտնել», — ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` Հայաստանում վաճառվող շոկոլադը հիմնականում արտադրված է ոչ թե կակաոյի հատիկներից, այլ կակաոյի փոշուց, որը ստանում են կակաոյի հատիկների թափոններից։

Շոկոլադի որակը հնարավոր է տան պայմաններում ստուգել։ Պիպոյանը նշեց, որ կակաոյի յուղը հալչում է 30 աստիճան ջերմության դեպքում, իսկ բուսական յուղը` 40 աստիճանի։

«Եթե շոկոլադի կտորը պահես ձեռքումդ, ապա այն պետք է հալչի, եթե կակաոյի իսկական յուղից է պատրաստված։ Հակառակ դեպքում դա իսկական շոկոլադ չէ», — ասաց Պիպոյանը։

Իսկական շոկոլադը փայլուն մակերես ունի ու սառնարանում պահելու դեպքում սպիտակում է։