Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Բախվել են «Toyota Corolla»-ն ու «Mercedes»-ը, որը մխրճվելով կրպակի մեջ` հայտնվել է կանաչ գազոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմանում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ մխրճվել կրպակի մեջ՝ հայտնվելով կանաչ գազոնի վրա, կոտրելով կրպակի երկաթյա սյուները:

Վթարի հետևանքով 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության` «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 1990 թ. ծնված Ա. Կ.-ն և 1989 թ. ծնված Ա. Մ.-ն, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Ֆ. Չ.-ը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: