ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Ուկրաինայի ձայնը» նախագծի ութերորդ եթերաշրջանի տասներորդ թողարկման ժամանակ հայ երգչուհի Սրբուհի Սարգսյանը երգեց Czeslaw Niemen-ի «Dziwny jest ten swiat» երգն ու նստեց առաջին աթոռին։
Դեռ ելույթից առաջ Սրբուհին խոստովանեց. «Ուզում եմ զգալ` ինչ է դա` առաջինը լինելը»։
Ժյուրիի անդամ Ջամալային էլ թվաց, որ հույզերը խանգարեցին աղջկան։
«Հիշում եմ` ինչպես էի մոլեգնաբար պայքարում քեզ համար, քանի որ դու անհավանական ձայն ունես, բայց այսօրվա ելույթում ինձ թվաց` հույզերդ խանգարում են քեզ։ Սակայն բոլոր նոտաները հանճարեղ են, տեմբրը հանճարեղ է։ Բայց չեմ կարող ասել, որ ամեն ինչ հիասքանչ էր», — ասաց նա։
Իսկ հայ երգչուհու մարզիչը` Պոտապը, նշեց, որ ուզում է` երգչուհին հայերեն երգի։
«Սրբուհի, թանկագինս, ես քեզ այնքան անհարմար երգեր եմ տալիս, որ երգես ուկրաիներեն, հիմա` լեհերեն, ուզում եմ հայերեն որևէ բան անենք։ Հիմա դու թիվ 1-ն ես», — ամփոփեց մարզիչը։
Նախագծի մասնակիցներից Նիկիտա Տրոնդինը, որը սկզբում նստել էր առաջին աթոռին, խոստովանեց, որ դեռ Սրբուհու ելույթից առաջ էր հասկացել, որ ինքը պետք է երկրորդ աթոռին նստի։
Մեկ այլ մասնակից Վիոտլետա Լիտվինենկոն նշեց. «Նա ինձանից շատ ավելի ուժեղ է»։
Հաղորդավարի խոսքով` առաջին աթոռը Սրբուհուն եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովեց։
Հիշեցնենք` ուկրաինական «Ձայնի» «նոկաուտների» նոր կանոնների համաձայն` յուրաքանչյուր թիմի համար չորս աթոռ է դրվում։ Մասնակիցները նախօրոք չգիտեն` ինչ հերթականությամբ են բեմ դուրս գալու։ Ելույթից անմիջապես հետո մարզիչն առաջին վոկալիստին ուղարկում է №1 աթոռին նստելու։ Եթե նրանից հետո ելույթ ունեցած մասնակիցն ավելի լավ է երգում, ապա նա է առաջին աթոռին նստում, իսկ նախորդ մասնակիցը տեղափոխվում երկրորդ աթոռին։ Երբ բոլոր 4 աթոռները զբաղված են լինում, մարզիչը կարող է տուն ուղարկել հինգերորդ մասնակցին, ինչպես նաև նստեցնել աթոռներից ցանկացածի վրա։ Երկրորդ դեպքում չորրորդ նստարանին նստած մասնակիցն է լքում նախագիծը։