ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում մտնել Արևմուտքի երկրների մանկական խաղերի մեջ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես ասում էին մանուկ հասակում, «ով առաջինն է սկսել, նա էլ պետք է դադարեցնի»։ Մենք չենք ցանկանում մանկական խաղերի մեջ մտնել, բայց առայժմ մեր գործընկերները զբաղվում են հենց դրանով», — երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Լավրովը` մեկնաբանելով ռուս դիվանագետների արտաքսումը` կապված Սկրիպալի գործի հետ։
«Ահա կրճատվում են նման երկխոսության համար հնարավորությունները` դիվանագետներին մտացածին պատրվակներով արտաքսելու պատճառով։ Մեզանից կախված չէ, թե որքան հեռու մենք կգնանք», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:
Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով: Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան է տալու ռուս դիվանագետների արտաքսմանն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակմանը։