Կեմերովոյի այրված առևտրի կենտրոնի տեղում կարող է տեխնոպարկ կառուցվել

Կեմերովոյի մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլևը, որը ծնկաչոք ներողություն էր խնդրել Կեմերովոյի բնակիչներից, առաջարկել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի տարածքում մանկական տեխնոպարկ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կեմերովոյի մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլևը առաջարկել է Կեմերովոյի այրված առևտրի կենտրոնի տարածքի բարեկարգման շրջանակում մանկական տեխնոպարկ կառուցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից. լուսանկար

Ավելի վաղ Կեմերովոյի մարզի ադմինիստրացիան հայտնել էր, որ համացանցում քվեարկություն է կազմակերպվել Կեմերովոյի բնակիչների համար։ Քաղաքացիները կարող համալիրի տարածքի բարելավման իրենց առաջարկն անել։ Քաղաքի բնակիչների մի մասը կողմ են, որ առևտրի կենտրոնի տարածքում անվանական ծառերով ու փոքր հուշահամալիրով այգի լինի։

«Սերգեյ Ցիվիլևն առաջարկել է տարբերակների մեջ ներառել մանկական տեխնոպարկի ստեղծումը, որտեղ նաև հուշահամալիր կլինի», — նշվում է Կեմերովոյի մարզպետարանի կայքում։

Ավելի վաղ Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլեևը հայտարարել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այժմ նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Կեմերովոյի մարզի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը, որը ծնկաչոք ներողություն էր խնդրել Կեմերովոյի հրապարակում հավաքված մարդկանցից։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։

Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։