Պայքարը չի սկսվում և ավարտվում Լեռնային Ղարաբաղում. Սարգսյան

ՀՀ ՊՆ ղեկավարներն այսօր ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի նահատակների հիշատակին և խոսել են ապրիլյան պատերազմի դասերի ու բանակի ներկայի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երկրի պաշտպանությունը չի կարող դրվել հասարակության մի մասի ուսերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից քաղած դասերի մասին հարցին։

Հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է. Բաբայան

«Մենք հասկացել ենք, որ այն ողջ պետական համակարգի կենսակերպն է, և դա է մեր առանցքը` հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, որ կյանքի կկոչենք և որպես ազգ-բանակ պատրաստ լինենք պաշտպանելու երկիրը»,-ասել է նա։

Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ պայքարը չի սկսվում և ավարտվում Լեռնային Ղարաբաղում։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն էլ հայտնել է, որ ապրիլյան պատերազմից հետո նոր սպառազինություն է ձեռք բերվել:

«Հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,- ասել է նա:

Ապրիլյան պատերազմում կորցրած Լելե Թեփե բարձունքը վերադարձնելու մասին լրագրողների հարցին Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Կվերադարձնենք, երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական գործիչները հայտարարություններ են անում, որ կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն, Հակոբյանն արձագանքել է. «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, հայ ժողովուրդն է որոշելու»։ Այդուհանդերձ, գլխավոր շտաբի պետը նույնպես ընդգծել է` Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չէ։

Զինված ուժերում կոռուպցիայի մասին հարցին Մովսես Հակոբյանը հրաժարվել է պատասխանել։