Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ներկայությունը չի կարող խախտում լինել

Հայ հասարակությունը տեղեկատվության պակաս ունի, ինչն էլ ռուսական ստորաբաժանումների տեղակայման մասին ապատեղեկատվություն ու չարաշահումներ է ծնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայությունը Հայաստանում միջպետական պայմանագրի խախտում չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

Մոսկվան զինում է դաշնակցին. ի՞նչ կստանա Հայաստանն այս անգամ

Նա կարծում է` այլ երկրի տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական համակազմի ներկայությունը, անկասկած, հարցեր է առաջացնում հասարակության մեջ։ Այն երկիրը, որում գտնվում են օտար երկրի քաղաքացիները, պարտավոր է իր քաղաքացիներին հետևողական ու լիարժեք տեղեկություն տալ օտարերկրյա համակազմի վերաբերյալ։

Ալավերդյանի խոսքով` ակնհայտ է, որ հայկական հասարակության մեջ տեղեկատվության պակաս կա, ինչն էլ այդ կապակցությամբ բազմաթիվ ապատեղեկատվություն ու չարաշահումներ է ծնում։ Հայաստանի պատասխանատու կառույցները պետք է քաղաքացիների շրջանում ակտիվ տեղեկատվական աշխատանք կատարեն։

«Ես հիմա չեմ կարող խոսել Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության նպատակների մասին, քանի որ դա իմ իրավասությունից դուրս է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը կարգավորող միջպետական պայմանագիրը թույլ է տալիս, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղակայվեն այստեղ», —ասաց Ալավերդյանը։

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի հիման վրա են ստեղծվելու։ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նշել են, որ դա արվում է Գյումրու ռազմական կայազորի կարգապահությունը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու օբյեկտները պահպանման համար։

Իրենց փորձագետ համարող որոշ մարդկանց պատճառով մի շարք լրատվամիջոցներ գրեթե միանգամից տարատեսակ զրպարտություններ ու ապատեղեկատվություն տարածեցին այս կապակցությամբ։

Օբյեկտիվ իրականությունը, ինչպես հաճախ լինում է այսպիսի դեպքերում, շատ պարզ է։ Եվ իրականությունն այն է, որ ռազմական ոստիկանները պետության սահմաններից դուրս տեղակայված ռազմական համակազմերի անբաժան մասն են։