Ձուկ, ձու, կանաչի. որքանո՞վ են թանկացել Զատկի սեղանի կարևոր բաղադրիչները

Չնայած Զատկին ընդառաջ գները զսպելու խոստումներին, թանկացումներից խուսափել չհաջողվեց: Sputnik Արմենիան դիտարկել է նախատոնական ու տոնական գների դինամիկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի– Sputnik, Նելլի Դանիելյան. Զատկի տոնից օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ ձվի թանկացումներ շուկայում չեն լինելու, քանի որ իրենց աշխատանքային խումբը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում Երևանի մանրածախ վաճառակետերում:

Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն`եթե հունվարին ձվի մանրածախ գինը 60-65 դրամ էր, ապա այժմ՝ 50 դրամ:

Հայաստանում կյանքը կշարունակի թանկանալ մինչև ամառ

Նշենք, որ նուն այդ վաճառակետերում Sputnik Արմենիայի կատարած դիտարկումների արդյունքները փոքր-ինչ տարբերվում են պետական կառույցի ներկայացրած թվերից:

Եթե մինչև մարտի 28-29-ը երևանյան խանութներում իրոք դեռ հնարավոր էր գնել 50 դրամանոց ձու, ապա Զատկին ընդառաջ արդեն` ոչ: Ընդ որում, այդ 50 դրամանոցը ամենափոքր չափերի ձուն էր:

Մարտի 30-ին, 31—ին ու ապրիլի 1-ին խանութներում ամենափոքր ձուն արժե 67 դրամ, ամենամեծը` 80 և ավելի:

Նախատոնական թանկացում են նկատվում նաև ձկան շուկայում: Եթե մինչև Զատիկը կենդանի իշխան կարելի էր գնել 1կգ-ը 1800 դրամով, ապա այսօր մեզ հանդիպած ամենաէժան իշխանն արժեր 1900, ամենաթանկը` 2500 դրամ:

Թառափի գինը վերջին օրերին 3800 դրամից հասել է 4300 դրամի: Ասել է թե մեկ ամբողջական ձկան դիմաց գնորդը առնվազն 12 000 դրամ պետք է վճարի:

Բայց ամենամեծ թանկացումը` տոկոսային հարաբերակցությամբ, տեղի է ունեցել կանաչու շուկայում:

Նախորդող երեկոյան զամբյուղներով տնետուն են շրջում. հայ կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով» այս շուկան ինքնակարգավորվող է: Այստեղ չկան խոշոր խաղացողներ, եթե չհաշվենք վերավաճառողներին, այստեղ գնորդ-գյուղացի կապը դեռ որոշ առումով պահպանվում է:

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, կանաչու գինը Հայաստանում կախված է գնորդի վճարունակությունից ու սոցիալ-տնտեսական վիճակից։ «Ու չնայած հայաստանցի գնորդների վճարունակությունը բարձր չէ, բայց տոներին բոլորն էլ պատրաստ են գնումներ կատարել` անկախ առաջարկվող գնից: Ունեցել ենք դեպքեր, երբ նույն վաճառողը առավոտյան կանաչին մի գնով է վաճառում, երեկոյան` 3 անգամ ավելացնում էր գինը», — ասաց Պիպոյանը։

Այս տարի Զատկին ընդառաջ կանաչեղենի գները ևս բարձրացել են:

Եթե մինչ այդ թարխունը 50 դրամով էր վաճառվում, ապա մարտի 31-ապրիլի 1-ին` 80 —100 դրամով: Կանաչ սոխի գինը նույնպես գրեթե կրկնակի ավելացել է` 100 դրամից հասնելով 200 դրամի:

Եվ, այդուհանդերձ, երևանյան վաճառակետերում Զատկի տոնին ընդառաջ ու այսօր առավոտյան նախատոնական եռուզեռը նկատելի է:

Անկախ ձվի, ձկան ու կանաչու գներից Հայաստանում Սուրբ Հարության  տոնը նշում են բոլորը: Գուցե առանց թանկարժեք ձկան, բայց ձու ու կանաչի այդ օրը բոլորի սեղաններին է լինում: