Դանակահարություն Երևանում. 21–ամյա 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ վիճաբանության մասնակից Արմեն և Վանուշ Կ.-երին հայտնաբերելու, ինչպես նաև մասնակից 3-րդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մարտի 31-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց են մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, և Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Արտակ Ա.-ն են: Բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն այս պահին կատարվածի մասին տեղեկություններ տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:40-ի սահմաններում Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ երիտասարդները սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են ստացել:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանողներն են 16-ամյա Արմեն Կ.-ն, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, ոմն Վանուշը, ով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ է և Արմեն Կ.-ի եղբայրն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն և Վանուշ Կ.-երին հայտնաբերելու, ինչպես նաև մասնակից 3-րդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: