Նախորդող երեկոյան զամբյուղներով տնետուն են շրջում. հայ կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը

Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ պահպանելով ավանդույթներն ու ծեսերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները ևս այսօր նշում են Սուրբ Զատիկը: Մատուցվում է Սուրբ պատարագ, որին մասնակցում են ընտանիքներով:

Ապրիլի 1-ին,  ձեռամբ  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների  առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի,  Զատիկի Հարության Հայրապետական սուրբ ու անմահ պատարագ մատուցվեց  Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում: Հիշեցնենք, որ «Սրբոց նահատակացը»  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը. տոնի նշանակությունն ու խոհուրդը

Մինչ Քրիստոսի  Հարության տոնին մասնակցելը, կանայք, այնպես ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, զատկական պատրաստություններ են տեսնում՝ բրնձով չամիչով  փլավ, կարմիր ներկած ձու, ձուկ պատրաստելով: «Նաև որպես գարնան զարթոնքի նշան ձվերը տարբեր գույներով ենք ներկում, բայց հիմնականում կարմիր է, անպայման պատրաստում ենք նաև  ձուկը, բրնձով փլավն ու կանաչիները »,-Sputnik Արմենիային նշեց Գոհար Շախուլյանը:

Կաթոլիկ  համայնքներում  պահպանվել  է նաև  Զատկին նախորդող երեկոյան զամբյուղներով կամ դույլերով  տնետուն շրջելու, դռները  թակելու  և գաղտնի այդ զամբյուղները դռների առաջ դնելու  արարողությունը։ Մարդիկ էլ  հավկիթներ և քաղցրավենիք են դնում զամբյուղների մեջ։ Երեխաներն, օրվա  ավարտին, հավաքում են «ընծաները» և ուտում միասին։ Որոշ  գյուղերում սա  «Փարթիք»  է  կոչվում մյուսներում՝  «Կաթոլիկ»:

1 / 4
Զատկի տոնը` Հայ Կաթողիկե եկեղեցում
2 / 4
Զատկի տոնը` Հայ Կաթողիկե եկեղեցում
3 / 4
Զատկի տոնը` Հայ Կաթողիկե եկեղեցում
4 / 4
Զատկի տոնը` Հայ Կաթողիկե եկեղեցում

Շիրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի: Այստեղ կաթոլիկ բնակչություն ունեցող համայնքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե եկեղեցու հետևորդներ ապրում են նաև Գյումրի քաղաքում: