ԱՄՆ-ն կանաչ լույս է վառել հայկական ապրանքների համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ–ի շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Համաձայն ԱՄՆ նախագահի կողմից նախօրեին ստորագրած հրամանագրի` 2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ-ի շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։

Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ: