ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. ՀՀ քաղաքացի Գեորգի Թայմուրազյանը դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին` բողոքելով Կոլչուգինսկի ՆԳՆ-ի աշխատակիցների գործողություններից։ Հայը պնդում է, որ ոստիկաններն անձնագիրը վերցրել են պատճենելու պատրվակով ու չեն վերադարձրել։ Թայմուրազյանի պատմությունը պատմում է «Վլադիմիրսկայա գազետա» տեղական պարբերականը, որը լուսաբանում է ՌԴ Վլադիմիրսկի շրջանի իրադարձությունները։
Պատմությունը տեղի է ունեցել Կոլչուգինո քաղաքում (Վլադիմիրսկի շրջանի վարչական կենտրոն)։ Թայմուրազյանը Կոլչուգինոյում սեփական ընկերությունն ունի, որտեղ ոստիկանությունը վերջերս ստուգումներ է իրականացրել։ Ստուգումների արդյունքում ՀՀ քաղաքացուն կանչել են պարզաբանումներ տալու։
Ոստիկանական բաժանմունքում Թայմուրազյանին տարել են այսպես կոչված գաղտնի սենյակ, որտեղ, արգելելով տեսանկարահանումն ու լուսանկարահանումը, հարցաքննել են, պահանջել են մանրամասն պատմել, թե ինչպես է աշխատում ընկերությունը։ Թայմուրազյանը հրաժարվել է։ Ոստիկանները, որոնց թվում եղել են նաև ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Թայմուրազյանից խլել են անձնագիրը պատճենելու պատրվակով, որից հետո պահանջել են լքել սենյակը։
Հայը պնդում է, որ դրանից հետո անձնագիրը չի տեսել։ Փետրվարի կեսերին նա բողոքով դիմել է ոստիկանություն օտարերկրյա քաղաքացուց ապօրինի կերպով անձնագիրը առգրավվելու համար, բայց դիմումն անտեսել են։ Այդ ժամանակ նա դատախազություն է դիմել։
«Դատախազությունը ստուգումներ սկսեց, որի ընթացքում հարցաքննեց հարցաքննությանը մասնակցած ոստիկաններին։ Սակայն նրանց ցուցմունքները չեն համընկել Թայմուրազյանի դիմումի հետ. և՛ Սվետլանա Բորշչուկը, և՛ մյուս ոստիկանները պնդում են, որ անձնագիրը վերադարձրել են տիրոջը։ Այս ցուցմունքները բավարար էին գործը փակելու համար», — գրում է թերթը։
Միևնույն ժամանակ արդեն օրեր առաջ` մարտի 27-ին, միջշրջանային դատախազի տեղակալը հայտնել է Թայմուրազյանին, որ ստուգումները չեն կարողացել պարզել կողմերից յուրաքանչյուրի վարկածի ճշմարտացիությունը «անհնարինության» պատճառով։ Հետևաբար դատախազությունը լվանում է ձեռքերը։ Թե ինչ միջոցներ է հետագայում ձեռնարկելու Թայմուրազյանը, հայտնի չէ։