Ողբերգական դեպք Արմավիրում. պատգամավորի ազգականը վրաերթի է ենթարկվել և մահացել

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականը վրաերթի է ենթարկվել և մահացել, Lexus-ն էլ հայտնվել է շինության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան — Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին, հետո բախվել է Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսակառույց շինության տարածքում: Այս մասին նշում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին, ժամը 03:40-ի սահմանում։

Ըստ կայքի` վրաերթի ենթարկված Հովհաննիսյանը, որը մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ նա Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր:

Հովհաննիսյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը, նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին, ու այդ ժամանակ Lexus-ը, մեծ արագությամբ սլանալով, վրաերթի է ենթարկել Հովհաննիսյանին:

Որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել, որ Lexus-ը ինքն է վարել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ 37-ամյա Սարիբեկ Կարապետյանի անունով: