Մոսկվան ընդլայնում է արտաքսվող եվրոպացի դիվանագետների աշխարհագրությունը

Արտաքսվողների ցուցակում են հայտնվել Եվրամիության 12 երկրների` ներառյալ Մեծ Բրիտանիայի դիվանագետները, այդ թվում` Մոլդովայի և Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդլայնել է այն երկրների ցուցակը, որոնց դիվանագետները պետք է լքեն երկրի տարածքը։

Մասնավորապես, երկիրը պետք է լքեն տասներեք ուկրաինացի, չորս գերմանացի ու երեք մոլդովացի, ինչպես նաև մեկ ռումինացի դիվանագետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը սկսել է արտաքսել արտասահմանցի դիվանագետներին

Արտաքսվում են նաև նիդեռլանդական դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, նրանցից մեկը`շվեդ դիվանագետ է, մյուսը` էստոնացի ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք պետք է լքեն երկիրը մինչ ապրիլի յոթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան պատրաստվում է արտաքսել երկու իտալացի և մեկ ֆինն դիվանագետի։ Մոսկվայում նաև երեք լիտվացի, մեկ լատվիացի ու չորս լեհ դիվանագետներին երկիրը լքելու «խնդրանքով» դիմելու որոշում են կայացրել։

Մինչև այդ ԱԳՆ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից կրճատել Ռուսաստանում գլխավոր հյուպատոսարանի աշխատակազմը։ Նախարարությունից տեղեկացրել են, որ Լոնդոնը պետք է հավասարեցնի Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ու գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցների ու Մեծ Բրիտանիայում գտնվող ռուս դիվանագետների քանակը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:

Ռուսաստանը չի հանդուրժի «Արևմուտքի երկրների անպատկառությունը» և պատասխան կտա. Լավրով

Մասնավորապես ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են 48 ռուս դիվանագետի և ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի առաքելության 12 աշխատակիցների, ինչպես նաև փակում են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան է տալու ռուս դիվանագետների արտաքսմանն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակմանը։