Նա մնացել էր երեխաներին փրկելու. Սարգիս Խումարյանը պատմում է մահացած որդու ու թոռան մասին

70 տարեկան Սարգիս Խումարյանը Կեմերովոյում տեղի ունեցած սարսափելի հրդեհի ժամանակ կորցրել է 43 տարեկան որդուն` Դմիտրի Գալինինին, ու 10 տարեկան թոռանը` Միշային։ Sputnik Արմենիան զրուցել է Խումարյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Այդ չարաբաստիկ օրը 10 տարեկան Միշան հորը խնդրել էր կինոթատրոն գնալ` նոր մուլտֆիլմ դիտելու։ Դմիտրի և Միխայիլ Գալինիններն այդպես էլ չվերադարձան…

«Որդիս առողջ, ուժեղ տղա էր, դյուցազնի տեսք ուներ։ Նրա համար դժվար չէր լինի դուրս գալ կինոթատրոնից, բայց ես համոզված եմ` նա մնացել է երեխաներին փրկելու ։ Ողջ մնացած մարդիկ պատմում էին, որ մի սևահեր տղամարդ վազվզում, օգնում էր։ Երևի խեղդվել է։ Բայց որպես հերոս է մահացել։ Ահա այսպիսի հայ էր։ Չեմ ուզում, որ նրան մոռանան, անարդար կլինի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում Սարգիսը չկարողացավ զսպել արցունքները։

Դմիտրին մասնագիտությամբ իրավաբան էր, բայց երաժշտություն էր գրում։

«Նա երաժշտասեր տղա էր, իսկ թոռս` Միշան, կարող էր հայտնի ֆիզիկոս դառնալ։ Նա նահանգապետի մրցանակ էր ստացել», — ասաց Սարգիսը։

Նա պատմեց նաև, թե ինչու է որդին մոր ազգանունը վերցրել (Գալինին)։

Ինչպես կարող եմ շարունակել ապրել. Կեմերովոյի հրդեհի ժամանակ որդուն և թոռանը կորցրած հայը

«Ընդունելության ժամանակ բուհի ռեկտորն ինձ խորհուրդ տվեց, որ մոր ազգանունը վերցնի։ Մենք Արևմտյան Հայաստանից ենք` Էրզրումից, որ հիմա Թուրքիայի տարածքում է։ Որդիս շատ էր սիրում Հայաստանը, ամեն օր հետաքրքրվում էր Հայաստանի նորություններով», — ասաց որդեկորույս հայրը։

Նրան շատ է մտահոգում, որ չեն կարողանում գտնել թոռան մարմինը։ Դմիտրիին հաջողվել է գտնել ժամացույցի ու վզնոցի շնորհիվ։

«ԱԻՆ-ի աշխատակիցներն ինձ ասացին, որ անպայման կգտնեն։ Նախագահը խոստացել է, որ ամեն ինչ կանեն», — ասաց 70-ամյա տղամարդը։

Նախօրեին նրան այցելել են Կեմերովոյի հայ համայնքի անդամները, իսկ շուտով նրա երկու եղբայրները կգան։

Սարգիսն արդեն 50 տարի է` Սիբիրում է ապրում։

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկել մարտի 25-ին։ ՌԴ ԱԻՆ-ի վերջին տվյալների համաձայն` ողբերգության զոհ են դարձել 64 մարդ, որոնցից շատերը երեխաներ են։

Հրդեհի գործով ձերբակալել են չորս մարդու, որոնց թվում են նաև տարածքի վարձակալողն ու առևտրի կենտրոնի մենեջերը։