«Հիշում եմ». Ֆրանսիայի նախարարը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանի հյուրերի մատյանում

Ֆրանսիան ու ֆրանսիացիները անտարբեր չեն մնացել հայ ժողովրդի ողբերգության հանդեպ և օգնության ձեռք են մեկնել նրանց, ում հետապնդել են, գրել է Ժան Բատիստ Լեմուանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայ ժողովրդի ողբերգության հուշը պետք է պահել, որովհետև պատմությունը երբեմն կրկնվում է, Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, որն այսօր` մարտի 30-ին, այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հիշում եմ. Քվեբեկի ֆրանկոֆոն եղբայրների նշանաբանն այստեղ զգացվում է լիովին։ Բրավո այս հիասքանչ աշխատանքի համար, որ կարողացել եք պահել հիշատակը։ Մեզ դա պետք է, որովհետև պատմությունը երբեմն կրկնվում է գազանությունների հերթական շրջապտույտով»,- գրել է պետքարտուղարը։

Նրա խոսքով` Ֆրանսիան ու ֆրանսիացիները անտարբեր չեն մնացել հայ ժողովրդի ողբերգության հանդեպ և օգնության ձեռք են մեկնել նրանց, ում հետապնդել են։

«Եկեք ապագան կառուցենք միասին` անցյալի դասերից դառնալով ավելի ուժեղ և հանուն Հայաստանի և Ֆրանսիայի ամուր բարեկամության»,- ավելացրել է Լեմուանը։

Ֆրանսիացի նախարարին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ արտգործնախարարության աշխատակիցները։ Ժան Բատիստ Լեմուանը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Նա բանակցություններ կունենան երկրի բարձրագույն ղեկավարության հետ։