ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը Ֆրանսիայում ծանր վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անհայտ անձինք Ֆրանսիայում գնդակոծել են ադրբեջանցի լրագրողի մեքենան։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 09:00-ին Կոլոմյե համայնքում` Թուլուզի մոտակայքում», — նշվում է հրապարակման մեջ։
Նամազովի մեքենային, որում նաև նրա կինն էր, մեկ այլ մեքենա է հավասարվել։ Ականատեսների խոսքով` լրագրողի ուղղությամբ ութ կրակոց է արձակվել։ Նա մեջքից վիրավորվել է, փամփուշտներից մեկը դիպել է կնոջ գլխի, որը մահացել է։
Մեքենան, որից կրակոցներ են արձակվել, անհետացել է դեպքի վայրից։ Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայում։
Նամազովն ապրում է Թուլուզում 2010 թվականից, ավելի վաղ նա Ադրբեջանում կալանքի տակ էր ու սպառնալիքներ էր ստանում։