Հայկական նոր զենքը կսթափեցնի ադրբեջանցի դիվերսանտներին. ArmHiTec ցուցահանդեսը Երևանում

Հայաստանում մշակված հեռակառավարվող գնդացիրը կօգնի ավելի անվտանգ դարձնել սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի Զինված ուժերը նոր գնդացիր են փորձարկում, որի հեղինակները մոդելներից մեկը ներկայացրին ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

Ասել, թե նոր տեխնիկան կարևոր խնդիր կլուծի, նշանակում է ոչինչ չասել։ Հեռակառավարվող գնդացրի օգնությամբ սահմանի հսկողությունն ավելի անվտանգ կդառնա։

Գնդացիրներին հնարավոր կլինի հետևել էկրանով, իսկ անհրաժեշտության դեպքում` կրակել հեռավորությունից։

«Եթե հակառակ կողմում որևէ շարժում ես տեսնում, առանց ավելորդ անհանգստության սեղմում ես կոճակն ու գործողություն իրականացնում», — պարզաբանում է գնդացիրը ներկայացրած «ԿԲ-Իքս» ընկերության բաժնետեր Արման Խաչատրյանը։

Գնդացիրը տեղադրված է հատուկ պողպատից պատրաստված տուփի մեջ։ Կոճակի մեկ սեղմում, և գնդացիրը ներս է մտնում, իսկ կափարիչն էլ ամուր փակվում է։ Խոր հիասթափություն է սպասում նրանց, ովքեր կորոշեն անցնել «քնած» գնդացիրի կողքով, որովհետև զենքը հանգիստ վիճակից շատ արագ անցնում է մարտական պատրաստության վիճակի։

«Հուսով եմ` հասկանում եք, որ մենք միայն ցուցադրական տարբերակն ենք այստեղ բերել։ Բոլորովին պարտադիր չէ, որ ամեն մեկն իմանա` ինչ տեսք ունի հիմնական գնդացիրը», — ժպտում է Խաչատրյանը։

ArmHiTec 2018 պաշտպանական սպառազինության ցուցահանդես․ ինչով են զարմացրել հայերը․ տեսանյութ

Հուսալի պաշտպանված է նաև սարքի ու կառավարման կետի ալիքը։ Բազային մոդելին կարելի է նաև տարբեր մոդուլներ միացնել` հեռաչափ, ջերմություն ընկալող-հաղորդող սարք, գիշերային դիտարկման սարքեր և այլն։

Հիմա ընկերությունը սկսում է մշակել նաև հեռակառավարվող բջջային սարքեր` թրթուրավոր հարթակներ։ Դրանց վրա կարելի է տեղադրել և՛ զենք (գնդացիր կամ նռնականետ), և՛ տեսախցիկներ կամ այլ հատուկ տեխնիկա։

«Դա ընդհանուր նշանակության հարթակ է։ Իսկ թե ինչ դնել վրան, պատվիրատուն է որոշում», — ասաց Խաչատրյանը։

ArmHiTec 2018 ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացված է հայկական 34 և արտասահմանյան ավելի քան 60 ընկերության արտադրանք 14 երկրից` Ռուսաստան, Հունաստան, Հնդկաստան, Բելառուս, Ղազախստան, Իրան, Սերբիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը։