Հայ–ռուսական երեք նոր ռազմական նախագիծ է պատրաստվում. Բոչկարյով

Խորհրդային Հայաստանը հայտնի էր իր օպտիկայով ու էլեկտրոնիկայով։ Նախկին կոոպերացիան վերածնվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ռուսական ու հայկական պաշտպանական հիմնարկությունները երեք նոր համաձայնագիր են կնքել։ Այս մասին Երևանում լրագրողներին հայտնեց Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում։

Ռուսաստանն ընդլայնում է համագործակցությունը ՀԱՊԿ գործընկերների հետ։ Քննարկվում են և՛ հատուկ նշանակության տեխնոլոգիաները, և՛ որոշ մշակումներ քաղաքացիական կյանքում ներդնելու հնարավորությունները։

«Այսօր մեկ երկիրն ի վիճակի չէ նորագույն, ռազմավարական զենք ստեղծել։ Այդպիսի տեխնոլոգիաներ կարող է ստեղծել միայն Ռուսաստանը, որովհետև ՀԱՊԿ-ի անվտանգության երաշխավորն է», — ընդգծեց Բոչկարյովը։

Սակայն ռուս մասնագետներին անտարբեր չի թողել Հայաստանի ինժեներների ու ծրագրավորողների մշակած տեխնիկան։

«Ձեր ծրագրավորողների աշխատանքը լավագույններից մեկն է, եթե համեմատենք Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ։ Այս ամենը, իհարկե, կարող է կիրառվել համատեղ ծրագրերում», — նկատեց նա։

ArmHiTec 2018 պաշտպանական սպառազինության ցուցահանդես․ ինչով են զարմացրել հայերը․ տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կզեկուցեն այդ մասին Սերգեյ Շոյգուին։

Ռուսական պատվիրակության անդամները կազմել են աշխատանքային խմբեր, որոնք հայկական Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկություններ են այցելել։ Դրա արդյունքում արդեն երեք նոր համաձայնագիր են կնքել։

«Այլ կերպ ասած, հայ-ռուսական գործընկեր ձեռնարկությունների երեք զույգ է ձևավորվել։ Հետագայում նրանք փորձելու են զարգացնել այդ հարաբերությունները», — ընդգծեց Բոչկարյովը։

Ռուսաստանցիներին հետաքրքրում է նաև հայկական հատուկ նշանակության տեխնիկան ու էլեկտրոնիկան. Հայկական ԽՍՀ-ն հայտնի էր դրանով խորհրդային ռազմական արդյունաբերության մեջ։

«Նախկին կոոպերացիոն կապերը վերականգնվում են։ Չենք կարող ասել, որ մենք վաղն արդեն նոր նախագծեր կսկսենք, բայց վաղը չէ մյուս օրը հաստատ կսկսենք», — ժպիտով նկատեց Բոչկարյովը։

ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացված է 34 հայկական և 60 արտասահմանյան ընկերություն` 14 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հունաստանից, Սերբիայից։