Զգուշացիր կապույտ հազից. Հայաստանին նոր համաճարա՞կ է սպառնում

Կապույտ հազի դեպքերը Հայաստանում կտրուկ աճել են։ Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդությունն այդքան անվնաս չէ, որքան կարող է թվալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանում տարեսկզբից ավելացել են կապույտ հազի դեպքերը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի կապույտ հազի գրեթե 7.5 անգամ աճ է գրանցվել: Այս մասին ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Կապույտ հազը Հայաստանում արագ տարածվում է. կա մահվան դեպք

Փետրվարի վերջին կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով` հիվանդությունը երեխայի մոտ ախտորոշել էին միջադեպից մեկ ամիս առաջ, սակայն երեխայի ծնողները հրաժարվել էին հոսպիտալացումից։ Համաճարակաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ մահացածը, ինչպես նաև նրա երկվորյակ եղբայրը, վարակվել էին 2 տարեկան 9 ամսական քրոջից։

«Այս տարի կապույտ հազի գրեթե 7.5 անգամ աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Նախորդ տարի այս ժամանակահատվածում ունեցել ենք կապույտ հազի ընդամենը 4 հաստատված դեպք, այս տարի արդեն՝ 30: Հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներ են, մնացածը՝ թերի պատվաստվածները: Նրանց 60 տոկոսը մինչև 1 տարեկան երեխաներն են՝ կապույտ հազի համար ամենախոցելի խումբը: Այս տարիքային խմբում հիվանդությունն ուղեկցվում է բարդություններով, իսկ եթե իմունային համակարգը լավ չի գործում, կարող են լինել վատթարագույն ելքեր»,-ասաց Սահակյանը:

Մինչ 1 տարեկան երեխաների համար հիվանդության բարդություններ կարող են լինել թոքաբորբը, տրախիբրոնխիտը և այլն: Կապույտ հազի նախանշաններից են հազը, ջերմության բարձրացումը, քթարտադրությունը:

Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային ընթացքով և յուրահատուկ ջղաձգային հազի նոպաներով։ Հիվանդանում են առավելապես երեխաները։ Ներկա պահին ամեն տարի կապույտ հազից մոտ 300 հազար մարդ է մահանում։ Հատկապես վտանգավոր է 2 տարեկանից փոքր երեխաների համար: