Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել

Վերանորոգման աշխատանքները ծավալուն են. 2017թ–ից ԱԷԿ է առաքվել մոտ մեկ միլիոն տոննա սարքավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Աշխատանքի մակարդակը բարձրացնելու և ատոմակայանի անվտանգությունը համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու համար Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար տևել, քան սպասվում էր։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց «Ռուսատոմ սերվիս» պետական ընկերության նախագծերի կառավարման հարցերով տնօրենի տեղակալ, Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետը երկարացնելու նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը` մեկնաբանելով Երևանում ատոմային էներգետիկայի վերաբերյալ հայ–ռուսական համակարգող հանձնաժողովի վերջին նիստը։

Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ

Այս տարի աշխատանքները հասել են «բուն էությանը». սկսվում է ԱԷԿ մեքենաների սրահի վերանորոգումը։ Աշխատանքը կկատարվի 2018-2019թթ–ին։ ԱԷԿ գործող բլոկում աշխատում են երկու տուրբոագրեգատներ։ Դրանք միանգամից չանջատելու համար վերանորոգելու են հաջորդաբար։

«Մեքենաների սրահում, որը ֆուտբոլի դաշտի մեծություն ունի, կփոխվեն գրեթե բոլոր սարքերը», – ասաց Բրեդովը։

2017թ–ին մենք արդեն առաքել ենք շուրջ մեկ միլիոն տոննա սարքավորում։ Նախատեսվում է առաքել ևս 20 վագոն բեռ։ Ավելի վաղ, դրա համար Հարավկովկասյան երկաթուղին վերանորոգել էր հիմնական երկաթգծի 14–րդ կիլոմետրի ճյուղը։ Այդ բեռների մեծ մասը խոշոր է, դրանք պատրաստել են մոտ մեկ տարի։ Այդ թվում` նոր տուրբոգեներատորը, որտեղ գոյանում է էլեկտրականությունը։

Զուգահեռ պայմանագիր է կնքվել ջերմամեխանիկական սարքավորման արդիականացման վերաբերյալ (ռեակտոր, տուրբոագրեգատ, պոմպեր և այլն)։ Աշխատանքները կիրականացնի «Ատոմէներգոռեմոնտ» ընկերությունը` «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի դուստր ձեռնարկությունը։ Այն այսպիսի աշխատանքներ է կատարում նաև բոլոր ռուսական ԱԷԿ–երի համար։ Արդեն սկսվել են աշխատանքները կոնդենսատորային մոդուլների վրա (այնտեղ սառչում է տուրբոգեներատորի գոլորշին և վերածվում սովորական ջրի)։

Մեքենաների սրահում գրեթե ավարտվել է ամբարձիչների վերանորոգումը (դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է 125 տոննայի համար)։ Դրանք իրականացրել է «Ատոմտեխէներգո» ռուսական ընկերությունը, իսկ կապալառու է դարձել հայկական «Աէկշին» ընկերությունը։

Հայկական ԱԷԿ-ի «կախարդանքը». այստեղ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողք կողքի են աշխատում

«Ամբարձիչների բոլոր անիվները և ռելսերը մաշված են եղել։ Վերջերս մենք զրուցել ենք ԱԷԿ գլխավոր տնօրենի հետ։ Վերանորոգումից հետո ամբարձիչները այդ ռելսերով գնում են` ինչպես Մոսկվայից Պետերբուրգ», – ժպիտով ասում է մասնագետը։

Ատոմակայանում երկու տուրբոագրեգատներից առաջինը կանջատվի ապրիլի 14–ին։ Ապրիլի 15–ից կսկսեն քանդել այն։ Այս տարի ԱԷԿ–ի աշխատանքը կանգ կառնի երկու ամսով, դրանից երկու ամիս առաջ և հետո ատոմակայանը կաշխատի կես ծանրաբեռնվածությամբ։ 2019թ–ին ԱԷԿ–ի աշխատանքի կդադարեցվի չորս ամսով։

Անելիքներ շատ կան։ Բացառված չէ, որ չի հաջողվի աշխատանքներն ավարտել մինչև 2020թ–ը, ինչպես նախատեսված էր։ Քննարկվում է աշխատանքների ժամկետը մեկ տարով երկարացնելու հարցը։

Նման արդիականացում արդեն տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԷԿ–ում, ինչպես նաև Ֆինլանդիայի և Բուլղարիայի խորհրդային նմուշի կայաններում (ջրային էներգետիկ ռեակտորով)։ ՀԱԷԿ արդիականացումից հետո կարելի է ասել, որ այն կհամապատասխանի բոլոր անհրաժեշտ պահանջներին։

Մի քանի նման ԱԷԿ–երում երկարացրել են ծառայության ժամկետը։ Իհարկե, վերջնական որոշում կընդունեն Հայաստանի իշխանությունները, բայց տեսականորեն երկարացնելու համար ռեսուրս կա, եզրափակեց Բրեդովը։

Մինչև 2027թ–ն ԱԷԿ շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության աջակցությամբ` մինչև 270 միլիոն վարկային գծի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի շրջանակում։